Մարշալ Հաֆթարը հրաժարվել է ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը. «РИА Новости»
Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ հրաժարվել է հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Մոսկվայում գտնվող դիվանագիտական աղբյուրը:

«Իրեն տարօրինակ էր պահում. անջատեց հեռախոսը, կապի դուրս չէր գալիս, ոչ ոքի չնախազգուշացնելով` հեռացավ»,-տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, , ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պետք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում:  

Հաֆթարն անցյալ տարվա ապրիլից սկսած հարձակումներ է կազմակերպում մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ գործողությունների մի քանի ամսում արդեն մահացել է 1000-ից ավելի մարդ:

Երկրում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: