Մարշալ Հաֆթարն լքել է Մոսկվան՝ համաձայնագիր չստորագրելով
Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել են Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը` հղում անելով լիբիական LANA գործակալությանը:

«Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու լիբիական արաբական զինված ուժերի գլխավոր հրամանատարը լքել են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և ուղևորվել են Լիբիա` առանց Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության ոչ սահմանադրական կառավարության և նրա պատվիրակության հետ որևէ համաձայնագիր ստորագրելու, որն իրենից կենթադրեր հրադադար կամ տարածաշրջանից զորքերի դուրսբերում»,-նշված է աղբյուրում: Այս ամենը տեղի է ունեցել Տրիպոլիի հարավում տեղի ունեցած նոր բախումների ֆոնին: Ավելի ուշ Լիբիական ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը բացատրել է համաձայնագիրը չստորագրելու պատճառը` նշելով, որ իրեն առաջարկված փաստաթղթի տարբերակը մերժում էր Լիբիական ազգային բանակի մի շարք պահանջներ:

Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: