«Ի՞նչ Մարիամիկ, ի՞նչ նամակագրություն». Լիլիթ Թումանյան
Ընդամենը տեղի է ունենում քաղաքական դիսկուրսի վերացում, բոլոր շեմերից ցածր զրույցներ` քաղաքական օրակարգը շեղելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ, Armnews FM ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը` անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի գրառումներին:

«Այլ կերպ ես այս ամենը գնահատել չեմ կարող: Չեմ կարծում՝ երիտասարդ դստերը նմանատիպ իրավիճակի մեջ ներքաշելը ինքնանպատակ է, սրա հետեւում կան այլ նպատակներ: Ինձ համար այդ ամենի առաջնահերթ նպատակներից մեկը քաղաքական օրակարգը շեղելն է, շեղել ուշադրությունը քաղաքական գլխադասային կարեւոր թեմաներից, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից. մենք տենց էլ չենք հասկանում՝ ունե՞նք բանակցություններ, թե՞ չունենք, հունվարին պետք է տեղի ունենար բանակցություն, մինչեւ հիմա չգիտենք՝ դա տեղի կունենա՞, թե՞ տեղի չի ունենա»,- ասաց նա:

«Ի՞նչ Մարիամիկ, ի՞նչ նամակագրություն, ինչի՞ մասին եք խոսում, այսինքն՝ այս ամեն ինչը թողնենք, գանք ձեզ համար թիթեռնիկ նկարե՞նք: Միգուցե ավելի լուրջ թեմաների՞ անդրադառնանք: Սա պետական համար մեկ խնդի՞րն է: Հնարավոր է, որ կան ինչ-որ ներանձնային, աշխատանքային խնդիրներ, բայց ինչի համար ամբողջ հանրապետությունը պետք է կենտրոնացած հետեւի այդ զարգացումներին»,-ընդգծեց Լիլիթ Թումանյանը:

Նա եւս մեկ անգամ նշեց, որ կարծում է, որ այս ամենը կեղծ օրակարգ ստեղծելու միջոցներից մեկն է: «Կեղծ օրակարգ ստեղծելը իշխանությունների կառավարման մեթոդաբանությունն է»,- ընդգծեց նա: