Դասադուլը չպետք է ուղղված լիներ ինչ-որ բանից դժգոհելուն. ԵՊՀ ռեկտորի ԺՊ
ԵՊՀ դասադուլ իրականացնող ուսանողները, դիմելով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, ասացին, թե իրենց չի բավարարել ռեկտորի ԺՊ-ի նամակը` «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայոց գրականություն» առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու վերաբերյալ:

«Այսինքն` դուք ուզում եք այնքան հանդիպել, մինչև կստանաք ձեզ հետաքրքրող պատասխա՞նը. այդպես չի լինի»,-արձագանքեց Գևորգյանը` նշելով, թե նամակում հստակ գրված է այն ամենը, ինչ որ պետք է գրվեր:

«Գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ձևաչափ կա` երբ և որ դեպքում կարելի է հրավիրել: Խնդրում եմ` կարդացեք համալսարանի կանոնադրությունը և շարժվեք դրանով»,-ասաց Գևորգյանը` նշելով, թե Գիտխորհրդում որոշվել է առարկաների վերաբերյալ քննարկումը ազատ թողել` հնարավորություն տալով բոլոր կողմերին ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտարկումները:

«Դասադուլը կամ գործադուլը պետք է ուղղված լինեին ձեր աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ-որ բաներից դժգոհելուն: Ձեր պահանջը դա չէ, ձեր պահանջը քաղաքական է, ուղղված է Ազգային ժողովին, ուզում եք օրենքում ինչ-որ բան ամրագրել»,-ասաց ռեկտորի ԺՊ-ն: