Մտածե՞լն էլ է կորցրել արդիականությունը. Կարեն Բեքարյան
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը անդրադարձել է՝ ՀԱՊԿ ԽՎ Երևանի նիստում ընդունված ակտի մասին.

« Եթե պիտի այս արձագանքն ու ուղերձը տայինք, փորձե՞լ ենք գոնե այնպես անել, որ այս փաստաթուղթը Երևանում չընդունվեր

Համաձայն մի շարք ԶԼՄ - ներում ներկայացված տեղեկատվության՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Երևանում կայացած նիստում ընդունել է «Արտաքին ապակառուցողական ազդեցության հակազդելու վերաբերյալ» մոդելային նորմատիվ ակտ:

Մոդելային նորմատիվ ակտը պարունակում է առաջարկներ՝ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիայի դեմ պայքարում օրենսդրությունը ներդաշնակեցնելու վերաբերյալ: Նշվում է, որ ժամանակակից իրավիճակը բնութագրվում է ազգային իշխանությունների գործառույթները փոխարինելու, միջազգային կառույցների կողմից կառավարելու և զանգվածային գիտակցության վրա կործանարար տեղեկատվական ազդեցություն ապահովելու փորձերով… և այլն…

Ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի խորհրդարանը հայտարարել է, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել երկրի օրենսդրությունում:

ՀԱՊԿ ԽՎ-ին ուղղված նամակում Հայաստանի խորհրդարանը նշել է.

«Նախագծի մանրակրկիտ ուսումնասիրությունից և քննարկումից հետո մենք հանգեցինք այն եզրակացության, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ»:

Եթե ԶԼՄ-ների տված պատկերը ճիշտ է և ամբողջական, առնվազն առաջանում են հարցեր.

1. Ո՞րն է այս կարգի շտապողականության պատճառը: Այն դեպքում, երբ նման նորմատիվ ակտերի քննարկումը շատ դեպքերում տևում է տարիներ և անգամ նման երկար քննարկումներից հետո չի նախատեսվում կամ որևէ կերպ պարտադրվում ամբողջական կամ մասնակի ընդունում՝ ի՞նչ կարիք կար Երևանում ընդունված փաստաթղթին տալու նման «կայծակնային» արձագանք: Վերաբերմու՞նք ենք արտահայտում: Ուղե՞րձ ենք հղում: Ու՞մ: Հաշվետվությու՞ն ենք տալիս: Ու՞մ… և ինչի՞ համար կամ ինչի՞ դիմաց… Հասկանու՞մ ենք, որ մեկին տրվող դրական ուղերձը՝ նույն չափով և ավելին բացասական է մյուսի համար: Հասկանալո՞վ և գիտակցելո՞վ ենք անում: Ու՞մ շահերն ենք սպասարկում կամ սպասարկման իմիտացիա ստեղծում…

2. Նշված նորմատիվ ակտը, նախագծման փուլից սկսած ունեցել է բազմաթիվ քննարկումներ կառույցի տարբեր մարմիններում: Մասնակցե՞լ ենք: Մեր մոտեցումներն ու մտահոգությունները ներկայացրե՞լ ենք: Ինչպե՞ս չենք կարողացել հասնել մեզ համար ընդունելի ձևակերպումների, թե՞ բովանդակությունն էական չէր ու նպատակն այս փնթի քաղաքական ուղերձն էր:

3. Եթե պիտի այս արձագանքն ու ուղերձը տայինք, փորձե՞լ ենք գոնե այնպես անել, որ այս փաստաթուղթը Երևանում չընդունվեր, թե՞ չենք էլ մտածել այդ մասին:

Մտածե՞լն էլ է կորցրել արդիականությունը…»: