Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնտեսական աճը կլինի 4.5%
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունը ինչպես 2019-ին, այնպես էլ 2020-ին ընդհանուր առմամբ կաճի 4,5%-ով՝ չնայած համաշխարհային առեւտրում լարվածությանն ու առեւտրային հիմնական գործընկերների աճի դանդաղեցմանը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՀ-ն նախկին խորհրդային հանրապետություններին կոչ է արել մեծացնել մրցունակությունը, ավելի արդյունավետ կիրառել սեփական բնական առավելություններն ու դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ առեւտրի եւ ինտեգրման պտուղները քաղելու համար:

Հիմնադրամի զեկույցում ներառված կովկասյան երկրներն են՝ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան:

«Չնայած ավելի թույլ առեւտրին, տարածաշրջանում ընդհանուր աճը, ինչպես ակնկալվում է, կմնա 4,5%-ի մակարդակին 2019-2020 թվականներին: Սակայն աճը բավարար չի լինի՝ մեկ շնչին ընկնող եկամուտը Եվրոպայի մակարդակին հասցնելու կամ գործազրկության մակարդակը նվազեցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՀ-ն նշել է, որ արտաքին ռիսկերի շրջանում, որոնց հետ բախվում են տարածաշրջանի երկրները, առեւտրային լարվածության աճն է, գլոբալ աճի դանդաղեցումը, հումքային ապրանքների գների նվազեցումն ու աշխարհաքաղաքական ռիսկերի աճը, այն դեպքում, երբ ներքին ռիսկերը ներառում են բարեփոխումների տեմպերի դանդաղեցում:

ԱՄՀ-ն հայտարարել է, որ մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի թույլ բանկային սեկտորի դեմ պայքարին, ֆիսկալ ինստիտուտների ամրապնդմանը, ենթակառուցվածքում եւ մարդկային կապիտալում ներդրումները, դրամավարկային քաղաքականության հիմքերի արդիականացումը՝ կայուն եւ ցածր գնաճի եւ փոխարժեքի ճկունության աջակցման համար:

Կանխատեսվում է, որ տարածաշրջանի արտահանող երկրների կողմից ծառայությունների եւ ապրանքների արտահանման աճը կնվազի մոտավորապես 1,7%-ով 2019-20-ին՝ համեմատած 23%-ի հետ՝ 2017-18-ին, այն դեպքում, երբ կնվազի արտահանումն այն երկրներում, որոնք նավթ եւ գազ են ներմուծում:

Կանխատեսվում է, որ արտահանող երկրների համար էներգակիրների ներմուծման աճը կդանդաղի մինչեւ 5,6% 2019-20-ին՝ համեմատած 10%-ի հետ՝ 2017-18-ին, որոշ երկրներում սահմանափակ ներքին պահանջարկի պատճառով:

Էներգիա արտահանողների թվում են Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, իսկ Հայաստանը, Վրաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը ներմուծում են նավթի եւ գազի ամբողջ կամ մի մասը:

Կանխատեսվում է, որ տարածաշրջանի ընթացիկ օպերացիաների հաշվի սալդոն կկրճատվի մինչեւ ՀՆԱ 1,5% 2019-20-ին՝ համեմատած ՀՆԱ 0,3%-ի հետ՝ 2018-ին: