Մայքլ Բլումբերգը կարող է հավակնել ԱՄՆ նախագահի պաշտոնին
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարող է հավակնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The New York Times-ին։

Թերթի աղբյուրի տվյալներով՝ Բլումբերգը մտադիր է հանձնել փաստաթղթերը, որպեսզի իր թեկնածությունը ներկայացվի Ալաբամա նահանգի նախնական ընտրություններում։ Դրանք, ինչպես նախատեսվում է, տեղի կունենան 2020 թվականի մարտին։ Թեկնածուների գրանցման համար հատկացված ժամկետը լրանում է ուրբաթ, տեղի ժամանակով։

Մարտին Բլումբերգը հայտարարել էր, որ խորհրդածություններից հետո որոշել է չմասնակցել նախագահական ընտրություններին։ Պարբերականի տվյալներով՝ այժմ նա նորից դիտարկում է նման հնարավորությունը եւ առայժմ վերջնական որոշում չի կայացրել։ Բլումբերգը տեղեկացրել է մի շարք քաղաքական գործիչների, որոնք ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, որ կարող է մասնակցել ընտրություններին։ Պարբերականի գնահատականով՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետը կարող է ուժեղ մրցակից դառնալ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի համար։

77-ամյա Բլումբերգը 2002-2013 թվականներին եղել է Նյու Յորքի քաղաքապետը։ Նա նաեւ հայտնի է որպես ֆիլանտրոպ եւ ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր։ Միլիարդատերը համարվում է ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը։ Համաձայն Forbes ամսագրի վերջին գնահատականների՝ նրա կարողությունը գերազանցում է 52 մլրդ դոլարը։

Բլումբերգը երկար տարիներ Դեմոկրատական կուսակցության անդամ էր, բայց Նյու Յորքի քաղաքապետ առաջադրվելուց առաջ 2001 թվականին նա գրանցվեց որպես հանրապետական։ 2009-ին նա երրորդ ժամկետի համար է առաջադրվել արդեն որպես անկախ քաղաքական գործիչ։ Անցած տարվա հոկտեմբերին նորից գրանցվել է որպես դեմոկրատ։