Հայաստանում չկան ներդրումների համար համապատասխան պայմաններ. Գագիկ Ծառուկյան
Հայաստանում ներդրումների համար համապատասխան պայմաններ չկան։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է զարգացում եւ ներդրումների հոսք, բայց պետք է, որպեսզի աշխատեն բոլորը, եւ այդ աշխատանքը պետք է արդյունավետ լինի։ Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Multi Group կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Կուսակցության նախագահն ավելացրեց, որ տնտեսական հեղափոխության համար հարկավոր են համապատասխան պայմաններ, որոնք ավելի լավը կլինեին, քան հարեւան երկրներինը, այդ նույն Վրաստանինը։

«Երբ կարողանանք ապահովել ներդրումների մեծ հոսք, այդ ժամանակ էլ կմտածենք հարկերի բարձրացման մասին։ Իսկ առայժմ պետք է իջեցնել հարկերը. ստեղծել մեկ պատուհանի համակարգ, որպեսզի ներդրողները ժամանակ չկորցնեն բյուրոկրատական քաշքշուկների վրա։ Նման գործելակերպը հանգեցրել է այն բանին, որ արաբական ներդրողների 100 մլն դոլարի նախագծի իրականացումը ձգձգվում է»,- նշել է նա։

Ծառուկյանը հիշեցրեց, որ 2009 թվականին՝ տնտեսական ճգնաժամի շրջանում ինքն իշխանություններին, այդ թվում՝ Տիգրան Սարգսյանին (այդ ժամանակ Հայաստանի վարչապետն էր – խմբ.) ասել է հարկերը նվազեցնելու անհրաժեշտության մասին:

«Մենք տեսնում էինք, որ տնտեսությունն անկման է գնացել: Ես երբեք ոչ մի բան հենց այնպես չեմ ասում»,- շեշտել է կոնցեռնի ղեկավարը:

Նշենք, որ նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Ceramisia գործարանի բացումը: Գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի եւ իտալական «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Multi Group» կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պետական ապշտոնյաներ, պատգանավորներ, գործարարներ: